«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Տիեզերքի «օգտագործումը» խաղաղ նպատակներով

Տիեզերքի «օգտագործումը» խաղաղ նպատակներով
04.02.2013 | 15:16

Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ օգտագործման հանձնաժողովի (COPUOS) անդամ, ինչը մեր երկրին հնարավորություն է տալիս միանալու տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտին վերաբերող հինգ հիմնական միջազգային պայմանագրերին («Տիեզերքի պայմանագիր», «Փրկության համաձայնագիր», «Պատասխանատվության կոնվենցիա», «Գրանցման կոնվենցիա», «Լուսնի համաձայնագիր»), մասնակցել տիեզերական նոր ծրագրերին: Չնայած Ադրբեջանի գործադրած բոլոր ջանքերին` խանգարել Հայաստանի անդամակցությանը, Հայաստանն ընդունվել է ձայների բացարձակ մեծամասնությամբ:

Բյուրականի աստղադիտարանի աշխատակից Սմբատ ԲԱԼԱՅԱՆԸ մեզ հետ զրույցում նկատեց, որ տիեզերքն ուսումնասիրող տարբեր նախագծերին կարելի է մասնակցել, անկախ նրանից` կոմիտեին անդամակցո՞ւմ ես, թե՝ ոչ: Նրա կարծիքով սույն համաձայնագիրն ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունի:
«Հայաստանը ոչ միայն աստղագիտության, այլև տիեզերական սարքաշինության բնագավառում ունի մեծ համբավ։ Խորհրդային տարիներին ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի գլխավորությամբ գործում էր Գառնիի կենտրոնը, որտեղ նախագծվել և կառուցվել են սարքավորումներ տիեզերական ուսումնասիրությունների համար, մինչև 1996-ը ճարտարագիտական համալսարանում գործում էր տիեզերական սարքաշինության ամբիոն: Սակայն կոմիետեին անդամակցությունը հնարավոր է դարձել մեր դիվանագետների քրտնաջան աշխատանքի շնորհիվ, Ադրբեջանից հետո, ինչը ցավալի է»,- ասաց նա:
Աստղագետի խոսքով` նշված համաձայնագրերում կան բազմաթիվ կետեր, որոնք կանոնակարգում են պետություների` տիեզերքում ուսումնասիրություններ կատարելու աշխատանքները: «COPUOS-ի անդամ երկրներն աջակցում են միմյանց, տրամադրում տեղեկություններ արձակվող հրթիռների վերաբերյալ, փոխհատուցում հասցրած վնասները և այլն»,- ասաց նա:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2736

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ